«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ. dpHUB, CyberHUB

  1. «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող «շերտ» եզրույթն նախագծի կոնտեքստում անհասկանալի, միգուցե նեղ մասնագիտական է, նախագծի կոնտեքստում հանրածանոթ չէ եւ ըստ այդմ խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասի տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ Նախագծում որեւէ այլ դրույթում «շերտ» եզրույթը չի կիրառվում, եւ ըստ այդմ բացակայում է դրա հասկացությունը սահմանելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք այդ տերմինը փոխել կամ վերախմբագրել կամ, հատկապես եթե օտարալեզու համահայտնի տերմինի թարգմանություն է, «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 10-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի հիմքով փակագծերում հստակեցնել:

  1. Հաշվի առնելով, որ տարբեր ոլորտային օրենքներում այլ մարմինների կողմից կարգավորման եւ վերհսկմանը զուգահեռ կիրառվում է նաեւ «հսկողություն» եզրույթը, առաջարկում ենք Նախագծի վերաբերելի դրույթներում (օրինակ, 3-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ հոդվածի 3-րդ, 27-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում) համապատասխան թվով եւ հոլովաձեւերով ավելացնել «հսկողություն» եզրույթը:
  1. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունի կառավարությունը:

Հաշվի առնելով ինքնավար մարմնի գործունեության եւ կարգավորման/վերահսկողության ոլորտները՝ առաջարկում ենք մեծացնել Հանձնաժողովի նախագահի եւ անդամների անկախության եւ անաչառության երաշխիքները՝ սահմանելով Հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների ընտրություն մրցութային կարգով մրցութային խորհրդի կողմից (տես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը)՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ (տես՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին մասին» օրենքը):

Այս համատեքստում առաջարկում ենք նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում լրացնել Հանձնաժողովի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ (տես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը):

  1. Նախագծի 21-րդ հոդվածը սահմանում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավաբանական անձանց պարտականությունը Հանձնաժողովին տրամադրելու տեղեկություններ սահմանված ժամկետում: Միաժամանակ, Նախագիծը ժամկետ չի սահմանում՝ թողնելով դա Հանձնաժողովի հայեցողությանը (Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ պահանջելիս Հանձնաժողովը տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների մասին):

Նախագծով Հանձնաժողովին տեղեկություն տրամադրելու ժամկետ չսահմանելը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով, որ Նախագիծը ենթադրում է Հանձնաժովի պահանջած տեղեկությունը սահմանված ժամկետում չներկայացնելու իրավական հետևանքներ:

Առաջարկում ենք Հանձնաժովին տեղեկություն տարամդրելու համար Նախագծի 21-րդ հոդվածով սահմանել Հանձնաժողովի նախագահի գրությունը կամ Հանձնաժողովի որոշմումը ստանալուց հետո հաշվարկվող աշխատանքային 5-օրյա ժամկետ (տես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համադրելի կարգավորումները):

  1. Նախագծի 22-րդ հոդվածով սահմանվում են Հանձնաժողովի կողմից գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանման կանոնները: Նախագծի 22-րդ հոդվածը 21-րդ հոդվածի հետ համակցությամբ վկայում է Հանձնաժողովի կողմից օրենքով գաղտնիք համարվող տեղեկություն ստանալու իրավունք: Այդուհանդերձ, նախագծերի փաթեթում բացակայում են ոլորտային օրենքների նախագծերը, որոնցում արտացոլված կլինի Հանձնաժողովին գաղտնիք համարվող տեղեկություն տալու պարտականությունը:

Օրինակ, Նախագծի 22-րդ հոդվածը սահմանում է ի թիվս այլնի բանկային գաղտնիքը պահպանելու պարտականություն, ինչից ենթադրվում է, որ Հանձնաժողովը բանկային գաղտնիք ստանալու իրավունք ունի: Թեեւ բանկային գաղտնիքն այլ մարմիններին տրամադրելու մասին դրույթները սահմանվում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով, սակայն նախագծերի փաթեթում բացակայում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում Հանձնաժողովին բանկային գաղտնիք տրամադրելու պարտականություն սահմանող դրույթ լրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Սա իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել իրավական ակտերի հակասության եւ խաթարել Հանձնաժողովի աշխատանքը:

Առաջարկում ենք նախաձեռնել լրացումներ այն իրավական ակտերում, որոնք իրավական տեխնիկայի առումով ենթադրում են Հանձնաժողովին գաղտնի տեղեկություն տրամադրելու պարտականություն սահմանող դրույթներ:

  1. Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժաղովի վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Վարչական դատավարության օրենսգիրքը դատարան դիմելու իրավունքի նախապայման սահմանում է որպես կանոն վերադասության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը: Ընդ որում, նման վերապահումը վերաբերում է վարչական մարմիններին (տես՝ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 73-րդ, 192-րդ հոդվածներ), իսկ վարչական կարգով բողոքարկելու (գանգատարկելու) պահանջ նախատեսվում է միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերի համար (տես՝ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2 մաս):

Հաշվի առնելով, որ Հանձնաժողովը չունի վերադաս վարչական մարմին՝ Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասի հակասում է Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարան դիմելու իրավունքին:

Առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածի 3-րդ մասը հանել:

  1. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահը, խորհրդի անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը կարող է ի թիվս այլնի սահմանել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների հրապարակման կարգը:

Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերն առերեւույթ հակասում են իրար այնքանով, որքանով 2-րդ մասում սահմանվում է ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունները հրապարակելու արգելք, իսկ 4-րդ մասը նախատեսում է նույն տեղեկության հրապարակման կարգ: Ստացվում է, որ հրապարակման կարգ է նախատեսվում այն տեղեկության համար, որի հրապարակումն արգելված է:

Եթե նախագծի հեղինակները Նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասում նկատի են ունեցել տեղեկությունների հասանելիության սահմանափակումների հիմքերը վերանալուց կամ սահմանափակումների համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների հասանելիության նկատմամբ սահմանափակումների վերացումը, ապա առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածի

– 2-րդ մասում լրացնել բացառություն, որով կսահմանվի, որ հրապարակման կամ տարածման արգելքը չի վերաբերում ծառայողական օգտագործման համար նախատեսված այն տեղեկություններին, որոնց հասանելիության նկատմամբ սահմանափակումը վերացվել է, եւ համապատասխանաբար խմբագրել 4-րդ մասը, կամ

– 4-րդ մասում լրացնել հստակեցում, որ հրապարակման մասով խոսքը ծառայողական օգտագործման համար նախատեսված այն տեղեկությունների հրապարակման մասին է, որոնց հասանելիության նկատմամբ սահմանափակումը վերացվել է:

  1. Նախագծում, ինչպես նաեւ փաթեթի մյուս իրավական ակտերի նախագծերում շատ են վրիպակները: Օրինակ, ամբողջ Նախագծում «կիբեռանվտանգություն» եզրույթը գրված է «ր»-ով: Կամ, Նախագծում կրառվում է «տեղեկատվություն» եզրույթը, այնինչ առերեւույթ խոսք է գնում ոչ թե «տեղեկատվության» (տեղեկությունը փնտրելու և ստանալու, տեղեկությունը տրամադրելու գործընթացի), այլ «տեղեկությունների» (անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ ստացված կամ ձևավորված տվյալների) մասին (տե՛ս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը):

Առաջարկում ենք

– Նախագծում «կիբերանվտանգություն»-ը փոխարինել «կիբեռանվտանգություն»-ով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւերով,

– Նախագծում «տեղեկատվություն» բառերը վերաբերելի դեպքերում փոխարինել «տեղեկություն» բառերով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւերով,

– Նախագիծը, ինչպես նաեւ փաթեթի մյուս իրավական ակտերի նախագծերը սրբագրել:

Categories:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *