Դիտարկումներ «Ոստիկանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ. dpHUB, CyberHUB

Նախապատմություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակվել են ««Ոստիկանության մասին» օրենքում (այսուհետ՝ Նախագիծ) եւ հարկից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնցով Ոստիկանությունն իրավունք է ստանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:

Խնդիրները

1. Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում իրականացնելու նպատակները չափազանց ընդհանուր եւ անորոշ են, երբեմն փոխհակասող, ինչը հակասում է տվյալների մշակման օրինականության սկզբունքին:

Օրինակ, Նախագծի մի դրությում նշվում է, որ տեսահսկման համակարգերի միջոցով իրականացվելու է անձանց նույնականացում բացառապես այն դեպքում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն: Այնինչ, մեկ այլ դրույթով տվյալի մշակման նպատակ է սահմանվում ոչ միայն հանցագործությունների, այլ ընդհանրապես իրավախախտումների կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը, իսկ մեկ այլ դրույթով՝ անհետ կորած քաղաքացիների հայտնաբերումը: Վերոնշյալ բոլոր դեպքերում իրականացվելու է տվյալների մշակում, ինչն ըստ էության անհնար է առանց անձին նույնականացնելու: Մեկ այլ օրինակ, Նախագծով տվյալի մշակման նպատակ է սահմանվում օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրումը. Տվյալի տրամադրումը նախ նպատակ (ինքնանպատակ չէ), այլ տվյալի մշակման ձեւերից մեկն է, իսկ նպատակներն այս դրույթում անորոշ են (օրենքով չարգելված) եւ չափազանց ընդհանուր, բացի այդ, տվյալ դրույթում չկա տվյալների ապանձնավորման կանոն, ինչը թույլատրում է վերլուծական անձնավորված տվյալերի շրջանառումը: Եւա ավելին, այս դրույթը պետական կազմակերպությունների մասով առերեւույթ հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին այնքանով, որքանով պետական կազմակերպությունների համար սահմանում է ոչ թե օրենքով սահմանված, այլ օրենքով չարգելված նպատակով տվյալների ստացում:

2. Պարզ չէ, թե ինչ կանոններով են ապահովվելու տվյալների մշակումը սահմանված նպատակներին հասնելու համար պիտանի, ահնրաժեշտ եւ չափավոր միջոցներով, նվազագույն քանակով եւ ժամկետով իրականացնելը, նախագծերում չկան տվյալների մշակման համաչափության, եւ ըստ այդմ մարդկանց այլ իրավունքներին միջամտությունը բացառող երաշխիքներ, ինչը հակասում է տվյալների մշակման համաչափության սկզբունքին:

Օրինակ, Նախագծում նշվում է Ոստիկանության իրավունքն ի թիվս այլնի ունենալու հասանելիություն տեղական ինքնակառավարման մարմինների տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այնինչ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է համայնքի ղեկավարի պարտականությունը ոստիկանության համար ապահովելու հասանելիություն ոչ միայն դրսի կողմի տեսանկարահանող, այլ ՏԻՄ-ի կառավարման եւ (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին: Սա առերեւույթ ավելին է Նախագծով նախատեսված հասանելիությունց եւ սահմանազանցում է Նախագծող սահմանված նպատակները: Մեկ այլ օրինակ, նախագծերում հաշվի առնված չեն պետական մարմինների եւ դրանց ծառայությունների շահառու անձանց տարբերություններն ու տվյալների օբյեկտիվ զգայունությունը (սոցիալական ապահովության ծառայությունների, առողջապահության նախարարության ծառայությունների շահառուների, կամ պրոբացիայի կամ քրեակատարողական հիմնարկների այցելուների տվյալների կարգավիճակներն առերեւույթ տարբերվում են, օրինակ, ԿԳՄՍՆ-ի ծառայությունների շահառուների տվյալներից):

3. Պարզ չէ, թե ինչ տեխնիկական եւ կազմակերպչական միջոցներով են ապահովվելու մշակվող տվյալների անվտանգությունը, ապահովումը այլ անձանց անօրինական միջամտությունից: Նախագծում ընդհանրապես բացակայում են տվյալների անվտանգության մասին կարգավորումներ, ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան տեխնիկական այս կամ այն պահանջը նախագծերում ամրագրելու մասին է (տեխնիկական պահանջների մասով անհրաժեշտ է նախագծերը համադրել «Կիբեռանվտանգությա մասին» նախատեսվող օրենքի հետ), այլ անվտանգության միջոցներ կիրառելու եւ անվտանգությունն ապահովելու պարտականության (կազմակերպչական միջոցների) ամրագրման մասին է:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերն հաճախ հենց իրենք խնդրի ունեն տվյալների պաշտպանության տեսանկյունից: Այլ կերպ ասած, այն տեսահսկման համակարգերը, որոնց հասանելիությունը նախատեսվում է նախագծերով, շատ դեպքերում ինքնին օրինական չեն: Այս առումով անթույլատրելի է, որ ՆԳՆ-ն օգտվի ի սկզբանե իրավունքի/օրենքի խախտմամբ կիրառվող տեղեկատվական համակարգերից:

Առաջարկներ

Հաշվի առնելով, որ նախագծերի վերոնշյալ խնդիրները տեխնիկական չեն, այլ կապված են տվյալների մշամկան ընդհանուր կարգավորումների եւ սկզբունքների հետ՝ ստորեւ ներկայացվող առաջարկները կարող են խմբագրվել կամ լրացվել կամ փոխարինվել նոր առաջարկներով՝ կախված աշխատանքային քննարկումներից:

Առաջարկում ենք

– տեսահսկման համակարգով տվյալների մշակման նպատակները սահմանել նվազագույն անհրաժեշտ քանակով՝ ըստ էության դրանք բխեցնելով նույն օրենքով սահմանված ոստիկանության խնդիրներից եւ ընդհանուր իրավազորություններից (օրինակ, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի պես),

– Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված համաչափության պահպանման կանոնը բացել, նկարագրել համաչափության ապահովման, ինչպես նաեւ տեսահսկմամբ մարդկանց այլ իրավունքներին միջամտությունը բացառող երաշխիքներ (օրինակ, նշել տվյալների անհամաչափ կամ օրենքով չսահմանված նպատակներով մշակման դեպքում պատասխանատվության մասին):

– նախատեսել տվյալների անվտանգության միջոցներ (օրինակ, տեղեկատվական համակարգում էլեկտրոնային իրադարձությունների արձանագրման պահանջ, տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակում, անօրինական միջամությունը բացառելու գործիքակազմ կիրառելու պարտականություն եւ այլն):

– արդեն իսկ այս փուլում նախաձեռնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերի կիրառման իրավաչափության, այդ թվում՝ դրանց իրավական հիմքերի պատշաճության գնահատում:

Այլընտրանքային կարգավորման առաջարկ. ոստիկանության կողմից շարժական եւ ոչ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը նախատեսել առանձին հոդվածով՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ոստիկանության հասանելիությունը կարգավորելով մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներին հասանելիության նմանությամբ նույն դրույթի շրջանակներում:

Categories:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *