«Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններ. dpHUB, CyberHUB

«Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ԱՏՊ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որով սահմանվում է տեղեկատվական համակարգի հասկացությունը:

Նման փոփոխության հիմնավորումն առերեւույթ այն է, որ տեղեկատվական համակարգի հասկացությունը նախատեսվում է սահմանել «Կիբեռանվտանգության մասին» օրենքով:

Այդուհանդերձ, ԱՏՊ օրենքում առաջարկվող փոփոխությունը խնդրահարույց է հետեւյալ պատճառաբանությամբ.

– «Կիբեռանվտանգության մասին» օրենքը սահմանում է տեղեկատվական համակարգը որպես էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ ցանկացած սարք կամ փոխկապակցված կամ հարակից (կապակցվող) սարքերի խումբ կամ տեխնիկական և ծրագրաապարատային միջոցների ամբողջություն, որոնցից մեկը կամ մի քանիսը միասին կատարում են թվային տվյալների ինքաշխատ մշակում, կամ թվային տվյալներ, որոնք պահվում, մշակվում, ձեռք են բերվում կամ փոխանցվում են սույն ենթակետում նշված միջոցներով` նրանց օգտագործման, պաշտպանության և սպասարկման նպատակով։

– ԱՏՊ օրենքում տեղեկատվական համակարգը տվյալների բազայում ներառված անձնական տվյալների, դրանց էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային եղանակով մշակելու համար կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեխնիկական միջոցների ամբողջություն:

Ի տարբերություն «Կիբեռանվտանգության մասին» օրենքի՝ ԱՏՊ օրենքում տեղեկատվական համակարգը ներառում է ոչ միայն էլեկտրոնային, այլ նաեւ ոչ էլեկտրոնային եղանակով տվյալներ մշակելու համար կիրառվող տեխնիկական միջոցների ամբողջությունը (ոչ էլեկտրոնային/ոչ թվային համակարգեր են, օրինակ, անձնական գործերի թղթային արխիվները, ձեռագիր կամ տպագիր գրանցամատյանները, քարտադարանները, տպագիր ցուցակները կամ աղյուսակները, ազգային կամ տեղական կամ այլ ոչ թվային արխիվները, իսկ նման համակարգերում օգտագործվող տեխնիկական/տեխնոլոգիական ոչ թվային միջոցներ են, օրինակ, չհրկիզվող պահարանները, մատյալնների պահոցները, քարտապանակները, գրանցման կնիքները կամ դասակարգման ֆիզիկական մեխանիզմները, ջերմաստիճանի, խոնավության, լուսավորության վերահսկման ոչ թվային տեխնոլոգիաները (օդափոխման համակարգեր, ջերմամեկուսիչներ, ջերմաչափեր) եւ այլն):

Ըստ վերոնշյալի, «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվող տեղեկատվական համակարգը համադրելի չէ ԱՏՊ օրենքով սահմանված տեղեկատվական համակարգին եւ որեւէ կերպ չի անդրադառնում ոչ էլեկտրոնային եղանակով տվյալներ մշակելու համար կիրառվող տեխնիկական միջոցների ամբողջությանը:

Էական է, որ ԱՏՊ օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն հասկացությանը, իսկ ԱՏՊ օրենքի տեքստում «տեղեկատվական համակարգ» եզրույթը շարունակելու է կիրառվել՝ ԱՏՊ օրենքում համապատասխան հասկացության բացակայության դեպքում առերեւույթ վերաբերելով «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվող տեղեկատվական համակարգին:

ԱՏՊ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ոչ էլեկտրոնային եղանակով տվյալներ մշակելու համար կիրառվող տեխնիկական միջոցների ամբողջությունները (օրինակ՝ ոչ թվային տարբեր արխիվները եւ շտեմարաններն իրենց ոչ թվային ամբողջ գործիքակազմով) դուրս կմնան ԱՏՊ օրենքի կարգավորման դաշտից, ինչն խնդրահարույց է:

Առաջարկում ենք ԱՏՊ օրնեքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու փոխարեն փոփոխել, նախատեսել որպես «անձնական տվյալների մշակման տեղեկատվական համակարգ», ըստ անհրաժեշտության սահմանելով, որ այն ներառում է «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված այն տեղեկատվական համակարգերը, որոնցում մշակվում են անձնական տվյալեր, ինչպես նաեւ անձնական տվյալները ոչ էլեկտրոնային եղանակով մշակելու համար կիրառվող տեխնիկական կամ այլ միջոցների ամբողջությունը: Անհրաժեշտ կլնին նաեւ ԱՏՊ օրնեքի տեքստում վերաբերելի դրույթներում «տեղեկատվական համակարգ» բառերը փոխարինել «անձնական տվյալների մշակման տեղեկատվական համակարգ» բառերով՝ համապատասխան թվով եւ հոլովաձեւով:

Վերոնշյալ պարագայում մի կողմից տարընթերցում չի առաջանա երկու օրենքների հասկացություններում, մյուս կողմից ԱՏՊ օրենքի համապատասխան կարգավորումներից դուրս չեն մնա ոչ էլեկտրոնային եղանակով տվյալներ մշակելու համար կիրառվող տեխնիկական միջոցների ամբողջությունները (ոչ էլեկտրոնային համակարգերը):

Categories:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *