Single Portfolio
«Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ․ dpHub
«Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) հասանելի է հետեւյալ հղմամբ՝ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ – e-draft.am։
- Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով ի թիվս այլնի սահմանվում են քաղաքացու անձնագրի, քաղաքացու նույնականացման քարտի, օտարերկրացու կացության քարտի, օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականի, օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայականի, քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտի եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, փախստականի նույնականացման քարտի եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, դիվանագիտական անձնագրի, ծառայողական անձնագրի, օտարերկրյա դիվանագետի նույնականացման քարտի հասկացությունները։
Ընդ որում, քաղաքացու անձնագրի հասկացությունում շեշտվում է դրանում կենսաչափական տվյալներ պարունակելու հանգամանքը, իսկ անձը հաստատող վերոնշյալ մյուս փաստաթղթերի հասկացություններում՝ չի նշվում։ Այնինչ, Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաչափական անձնական տվյալներ ամրագրվում են նաեւ քաղաքացու նույնականացման քարտում, իսկ Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կնեսաչափական տվյալներ ամրագրվում են անձը հաստատող վերոնշյալ բոլոր փաստաթղթերում։
Նման մոտեցումն առերեւույթ տարընթերցումների տեղիք է տալիս «Անձնական տվյալների պպաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ԱՏՊ օրենք) 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների մշակման օրինականության տեսանկյունից, Մասնավորապես, ըստ ԱՏՊ լիազոր մարմնի՝ թիվ N-006/01/19 վարչական վարույթով կայացրած որոշման՝ տվյալների մշակման օրինականությունը անձնական տվյալների մշակումն օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելու դեպքում նշանակում է, որ որեւէ կասկած չպետք է մնա, որ օրենքը նախատեսել է այս կամ այն անձնական տվյալի մշակումը։
Առաջարկում ենք միատեսակ մոտեցում ընդունել անձը հաստատող փաստաթղթերի հասկացություններում, մասնավորապես, եթե մեկում ընդգծվում է կենսաչափական տվյալների առկայությունը, ապա այն պետք է ընդգծվի նաեւ կենսաչափական տվյալներ պարունակող այլ փաստաթղթերի հասկացություններում։
- Նախագծով սահմանվում են անձը հաստատող փաստաթղթում ամրագրվող տվյալները, ինչպես նաեւ դրանց էլեկտրոնային պահոցը (Նախագծի 3-րդ հոդված, 11-րդ հոդվածի 7-րդ մաս)։ Միաժամանակ, Նախագծով որեւէ կերպ նախատեսված չէ անձը հաստատող փաստաթղթում ամրագրվող եւ պահոցում առկա տվյալների մատչելիության/հանրամատչելիության սահմանափակման որեւէ դրույթ։ Այլ կերպ ասած՝ տվյալները նախատեսված չեն որպես որեւէ գաղտնիք։
Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն իր որոշումներով եւ խորհրդատվություններով նշել է, որ անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ․ պետական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է ճանաչվեն որպես որեւէ գաղտնիք:
Նման պայմաններում անձը հաստատող փաստաթղթում արմագրվող եւ պահոցում պահվող տվյալները, որպես օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ, տեղեկատվության ազատության եւ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության օրենսդրության շրջանակներում (Սահմանադրության 42-րդ հոդվածներ եւ 51-րդ հոդվածներ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենք) առերեւույթ կհամարվեն «բաց» տեղեկություներ եւ օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա կլինեն յուրաքանչյուր պահանջողի։ Սա խնդրահարույց է ԱՏՊ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի տեսանկյունից առնվազն այն այն տվյալների մասով, որոնք մի կողմից զգայուն են (կենսաչափական տվյալները), մյուս կողմից չկա նման տվյալներըև մատչելի/հանրամատչելի թողնելու պատշաճ հիմնավորում (հիմնավորված անհրաժեշտություն)։
Սույնով չենք առաջարկում ինքնաբերաբար փակել անձը հաստատող փաստաթղթում արմագրվող եւ պահոցում պահվող բոլոր տվյալների մատչելիությունը, այլ առաջարկում ենք գնահատել այդ տվյալներից յուրաքանչյուրի զգայունությունը, ստուգել այլ աղբյուրներում տվյալներից յուրաքանչյուրի մատչելիությունը/հանրամատչելիությունը եւ ըստ այդմ համապատասխան հիմնավորմամբ նախատեսել կամ չնախատեսել տվյալներից յուրաքանչյուրի մատչելիության/հանրամատչելիության սահմանափակում։
- Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով նախատեսվում է, որ քաղաքացու անձնագրում ի թիվս այլնի ամրագրվում են քաղաքացու կենսաչափական տվյալները։ Նույն հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետով նախատեսվում է, որ քաղաքացու նույնականացման քարտում ի թիվս այլնի ամրագրվում են քաղաքացու կենսաչափական տվյալները։ Նույն հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է, որ քաղաքացու անձնագրի եւ նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում ամրագրվում են քաղաքացու կենսաչափական տվյալները։ Նախագծի 11-րդ հոդվածով սահմանվում է անձի կենսաչափական տվյալների մշակումը։ Միաժամանակ, Նախագիծը որեւէ դրույթով չի հստակեցնում, թե կենսաչափական ի՞նչ անձնական տվյալների մասին է խոսքը։
ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալի մշակումն օրինական է, եթե ի թիվս այլնի ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Միաժամանակ, ԱՏՊ լիազոր մարմինը թիվ N-006/01/19 վարչական գործով կայացրած որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ նշել է, որ տվյալների մշակումն օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելու դեպքում որեւէ կասկած չպետք է մնա, որ օրենքը նախատեսել է այդ անձնական տվյալների մշակումը ։
ԱՏՊ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ կենսաչափական անձնական տվյալներ են անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները։ Արդյուքնում, կենսաչափական անձնական տվյալներ հասկացությունը ներառում է անորոշ եւ բազմաթիվ տվյալերի շրջական, ուստի Նախագծում «կենսաչափական տվյալներ» նշելը բավարար հստակ չէ եւ չի համապատասպանում անձնական տվյալների մշակումն օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելու կանոնին, ըստ այդ հակասում է ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ տվյալների մշակման օրինականությանը։
Բացի վերոնշյալը՝ ԱՏՊ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ կենսաչափական անձնական տվյալներ օրենքով մշակվում են, եթե օրենքով հետապնդվող նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով։ Առանց կենսաչափական տվյալների ցանկի հնարավոր չէ համաչափության սկզբունքի տեսանկյունից գնահատել կամ պնդել անձը հաստատող փաստաթղթում ամրագրվող կենսաչափական տվյալները դրանց մշակման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ լինելու հանգամանքը։ Ուստի, կենսաչափական տվյալների ցանկ չսահմանելը խնդրահարույց է նաեւ ԱՏՊ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի տեսանկյունից։
Առաջարկում ենք Նախագծով հստակ նշել անձը հաստատող փաստաթղթում ամրագրվող կենսաչափական տվյալների ցանկը։
- Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում են քաղաքացու նույնականացման քարտում ամրագրվող տվյալները՝ շեշտելով «առնվազն» բառը՝ «6. Քաղաքացու նույնականացման քարտում առնվազն ամրագրվում են հետևյալ տվյալները. (…)»
Սա առերեւույթ հակասում է անձնական տվյալների մշակումն օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելու կանոնին, ըստ այդմ՝ ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ տվյալների մշակման օրինականությանը։
Ընդ որում, քաղաքացու անձնագրում ամրագրվող տվյալների շրջանակը սպառիչ է՝ առանց «առնվազն» բառի կիրառման, իսկ քաղաքացու նույնականացման քարտում ամրագրվող տվյալների շրջանակը՝ «առնվազն» բառի կիրառման արդյուքնում անորոշ։
Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն» բառը հանել՝ ձեւակերպել նույն հոդվածի 5-րդ մասի նմանությամբ։
- Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացուն նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, եւ 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր կարող է տրամադրվել նույնականացման քարտ ունենալու դեպքում։ Նույն հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքացու նույնականացման քարտում ամրագրվող տվյալներից է քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ նաեւ՝ ՀԾՀ): ՀԾՀ-ի մասին նշված է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ քաղաքացու նույնականացման քարտի հասկացությունում։
Առնվազն մինչեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնելը «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի շրջանակներում քաղաքացին պարտավոր չէ ունենալ ՀԾՀ։ Ավելին, անգամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքն ուժի մեջ մտնելուց եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքն ուժը կորցնելուց հետո նույնպես քաղաքացիներն առերեւույթ պարտավոր չեն լինելու ունենալ ՀԾՀ, իսկ նման պարտադրանք նախատեսող նորմերն առերեւույթ խնդրահարույց են լինելու սահմանադրականության տեսանկյունից (տես՝ Սահմանադրական դատարանի՝ 2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշումը՝ SDV-649)։
Արդյունքում ստացվում է, որ պարտադիր համարվող նույնականացման քարտում պետք է պարտադիր ներառվի այնպիսի տվյալ, որն ունենալը պարտադիր չէ գործող օրենսդրությամբ, եւ սահմանադրականության իմաստով առերեւույթ պարտադիր չի լինի նաեւ նախատեսվող օրենսդրությամբ։
Նույնականացն քարտում այնպիսի տվյալ պարտադիր նախատեսելը, որը ունենալը (ձեւավորելը) մարդու համար պարտադիր չէ, առերեւույթ հակասում է ԱՏՊ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ տվյալների մշակման համաչափության սկզբունքին։ Բացի այդ, սա առերեւույթ կարող է տվյալների մշակման խնդիր ստեղծել իրավակիրառ պրակտիկայում։
Առաջարկում ենք այս դրույթը խմբագրել, օրինակ, «համարանիշով» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարով» բառերով, ինչպես նաեւ համապատասխանորեն խմբագրել քաղաքացու նույնականացման քարտի հասկացությունը։ Այս առիթով առաջարկում ենք նաեւ Սահմանադրական դատարանի՝ 2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշման տեսանկյունից ստուգել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքի վերաբերելի կարգավորումները՝ սահմանադրականության հնարավոր խնդիրները նույնականացնելու եւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դրանք լուծելու համար։
- Նախագծի 3-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ քաղաքացու անձնագիրը եւ նույնականացման քարտը ունեն տվյալների էլեկտրոնային պահոց, որում ամրագրվում են քաղաքացու կենսաչափական տվյալները՝ ըստ էության ամբողջությամբ կրկնելով Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը՝ որի համաձայն՝ ի թիվս անձը հաստատող այլ փաստաթղթերի՝ քաղաքացու անձնագիրը եւ նույնականացման քարտը ունեն տվյալների էլեկտրոնային պահոց, որը պարունակում է անձի կենսաչափական տվյալները։
Հաշվի առնելով Նախագծի տարբեր դրույթներում նույնական նորմերի կրկնությունը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում 9-րդ մասը հանել։
- Նախագծի 3-րդ հոդվածի 16-րդ մասի 1-ին նախադասության ձեւակերպումը «(…) կարող են պարունակել (…) անձնական տվյալները, բացառությամբ տվյալ անձը հաստատող փաստաթղթի տեսակից բխող առանձնահատկությունների։» մասով հաստակ չէ։
Առաջարկում ենք «, բացառությամբ տվյալ անձը հաստատող փաստաթղթի տեսակից բխող առանձնահատկությունների» արտահայտությունը հստակեցնել, օրինակ, փոխարինել «՝ հաշվի առնելով անձը հաստատող փաստաթղթի տվյալ տեսակի առանձնահատկությունները» կամ «, բացառությամբ այն տվյալների, որոց ամրագրումը չի բխում տվյալ անձը հաստատող փաստաթղթի տեսակի առանձնահատկություններից» կամ նմանատիպ այլ արտահայտությամբ։
- Նախագծի 3-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունն ի թիվս այլնի հաստատում է քաղաքացու անձնագրից եւ նույնականացման քարտից տարբերվող անձը հաստատող այլ փաստաթղթերի դեպքում կիրառվող անվտանգության միջոցները։
Եթե խոսքը փաստաթղթի՝ ֆիզիկական կրիչների մասին է, ապա պարզ չէ, թե ի՞նչ անվտանգության միջոցների մասին է խոսքը։ Եթե Նախագիծը ունի փաստաթղթի կեղծումը կանխող եւ փաստաթղթի իսկությունը հավաստող միջոցները, ապա «անվտանգության միջոց» եզրույթը թյուրըմբռնումների տեղիք է տալիս այնքանով, որքանով որպես կանոն «անվտանգության միջոց» արտահայտությունը կիրառվում է տվյալների (անձնական կամ ոչ անձնական) նկատմամբ անօրինական միջամտությունը կանխելու համար (տես, օրինակ, Նախագծի 11-րդ հոդվածի 8-րդ մասը, ԱՏՊ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, 19-րդ հոդվածը)։ Օրինակ, Կենտրոնակյան բանկի խորհուրդը թղթադրամի իսկությունը հավաստող միջոցները ներկայացնում է թղթադրամի նկարագրության շրջանակներում (տես, օրինակ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀՀ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ)։ Այս դեպքում առաջարկում ենք «անվտանգության միջոցներ» բառերը փոփոխել կամ հանել։
Եթե խոսքն անձը հաստատող փաստաթղթի էլետրոնային պահոցի անվտանգության մասին է, ապա էլեկտրոնային պահոցի նկատմամբ առերեւույթ տարածվում են «Կիբեռանվտանգության մասին» օրենքի կարգավորումները։ Այս դեպքում առաջարկում ենք անվտանգության չափանիշները ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելու մասով Նախագծի 3-րդ հոդվածի 16-րդ մասը հարմոնիզացնել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի վերաբերելի կարգավորումների հետ։
- Նախագծի 11-րդ հոդվածը վերաբերում է անձի կենսաչափական տվյալների մշակմանը, այնինչ նույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը վերաբերում են անձը հաստատող փաստաթղթերի էլետրոնային պահոցին, որում ներառվում են ինչպես կենսաչափական, այնպես էլ այլ անձնական տվյալներ (տես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանվող՝ տվյալների էլեկտրոնային պահոցի հասկացությունը)։
Առաջարկում ենք 11-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը առանձնացնել «Անձը հաստատող փաստաթղթի տվյալների էլեկտրոնային պահոցը» առանձին հոդվածով։
- Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշմամբ էլեկտրոնային պահոցում կարող են ամրագրվել նաև այլ տվյալներ։
Եթե էլեկտրոնային պահոցում ամրագրվող այլ տվյալները ներառում են նաեւ անձնական տվյալներ, ապա Նախագծի տվյալ դրույթի ձեւակերպումն անորոշ է այնքանով, որքանով պարզ չէ, թե անձնական տվյալների ի՞նչ շրջանակի մասին է խոսքը։ Հաշվի առնելով, որ այս դրույթը անձի կենսաչափական տվյալների մշակմանը վերաբերող հոդվածում է՝ անգամ պարզ չէ, արդյո՞ք կառավարության որոշման դեպքում նկատի են ունեցվում այլ կենսաչափական տվյալները, թե՞ ցանկացած այլ տվյալ։ Նման պայմաններում այս լիազորող նորմը խնդրահարույց է անձնական տվյալների մշակումն օրենքով ուղղակիորեն նախատեսված լինելու կանոնի, ըստ այդմ՝ ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ տվյալների մշակման օրինականության տեսանկյունից։ Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությունը «նաեւ» բառից հետո լրացնել «ոչ անձնական» բառերով (միաժամանակ նկատի ունենալով էլեկտրոնային պահոցին վերաբերող դրույթները առանձին հոդվածով նախատեսելու վերոնշյալ առաջարկը)։
Եթե էլեկտրոնային պահոցում ներառվելու են միայն անձնական տվյալներ, իսկ ոչ անձնական տվյալներ չեն ներառվելու, ապա Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությամբ նախատեսվող լիազորող նորմն առարկայազուրկ է այնքանով, որքանով անձը հաստատող փաստաթղթում ամրագրվող եւ ըստ այդմ պահոցում ներառվող անձնական տվյալները ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածի իմաստով պետք է սահմանվեն օրենքով եւ փաստացի սահմանվում են Նախագծի 3-րդ հոդվածով։ Այդ դեպքում առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությունը հանել։
- Նախագծի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշմամբ ի թիվս այլնի սահմանվում են էլեկտրոնային պահոցի անվտանգությանն առաջադրվող պահանջները։
Էլեկտրոնային պահոցի նկատմամբ առերեւույթ տարածվում են «Կիբեռանվտանգության մասին» օրենքի կարգավորումները։ Առաջարկում ենք անվտանգության չափանիշները ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելու մասով Նախագծի 11-րդ հոդվածի 8-րդ մասը հարմոնիզացնել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի վերաբերելի կարգավորումների հետ։
- Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացին ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ կնքված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության մասին պայմանագրով կարող է ներգրավվել մասնավոր գործընկերը։
Հաշվի առնելով, որ մասնավոր գործընկերոջը պատվիրակման ենթակա գործողություններն անխուսափելիորեն ենթադրում են անձնական տվյալների մշակում, առաջարկում ենք 13-րդ հոդվածը լրացնել դրույթով, համաձայն որի պետություն-մասնավոր գործընկերության մասին պայմանագիրը պետք է ներառի ԱՏՊ օրենքով նախատեսված՝ տվյալների մշակման առաջադրանքը։
Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջադրանքը պետք է ի թիվս այլնի պարունակի անձնական տվյալների պաշտպանության տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումները եւ անհրաժեշտ այլ տեղեկություններ։ Ուստի, պայմանագրում տվյալների մշակման առաջադրանքը ներառելը նաեւ պայմանագիրը կփոխկապակցի պահոցի անվտանգության ապահովման վերաբերելի կարգավորումներով (տես՝ Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասը)։


