Single Portfolio
Դիտողություններ և առաջարկություններ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ
Դիտողություններ եւ առաջարկություններ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերաբերյալ
1.Նախագծի հիմնավորումը նույնացնում է սինթետիկ բովանդակությունը եւ «deepfake»-ը, այնինչ ինչպես իրականում, այնպես էլ ըստ Նախագծում սինթետիկ բովանդակության հասկացության՝ սինթետիկ բովանդակությունն ավելի լայն է, քան «deepfake»-ը, իսկ «deepfake»-ը սինթետիկ բովանդակության ավելի նեղ՝ մասնավոր դրսեւորում է։
2. Ըստ Նախագծի՝ սինթետիկ բովանդակությունը ոչ միայն ԱԲ գործիքներով փոփոխված/գեներացված, այլ նաեւ առանց ԱԲ գործիքների ավտոմատացված ծրագրային այլ միջոցներով փոփոխված/գեներացված բովանդակությունն է, այնինչ Նախագիծը պահանջում է նման բովանդակությունը պարտադիր մակնշել որպես ԱԲ-ի կողմից գեներացված/ստեղծված։ Ստացվում է, որ առանց ԱԲ գործիքների ավտոմատացված ծրագրային այլ միջոցներով ստեղծված բովանդակությունը պետք է մակնշվի որպես ԱԲ կողմից ստեղծված, ինչը չի համապատասխանի իրականությանը։
3. Նախագծում սինթետիկ բովանդակության հասկացությունը չափազանց լայն է, եւ չի բխում Նախագծի հիմնավորմամբ բարձրացված խնդրից։ Մասնավորապես, ըստ Նախագծի՝ սինթետիկ բովանդակություն է ցանկացած նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել, գեներացվել, ձևափոխվել կամ վերարտադրվել է արհեստական բանականության կամ ավտոմատացված ծրագրային այլ միջոցով՝ անկախ նրանից նման նյութն իր էությամբ մոլորեցնող է, թե՝ ոչ (մոլորեցնող լինելու չափանիշը նախատեսված է միայն թվային մշակմամբ ձեւափոխված բովանդակության համար)։ Ստացվում է, որ այն նյութը, որը ԱԲ կամ այլ միջոցով միայն թեթեւ խմբագրվել է (օրինակ, առանց բովանդակությունը փոփոխելու նյութը մշակվել է միայն տեխնիկապես (ասենք, սրբագրվել է տեքստը կամ ավելացվել են ենթագրեր կամ շտկվել են գույները կամ մաքրվել է ձայնը եւ այլն)), նույն կարգավորմանն է ենթարկվելու, ինչ ամբողջությամբ գեներացված բովանդակությունը եւ ենթակա է լինելու մակնշման։ Սա խնդրահարույց է այնքանով, որքանով նման պարագայում գրեթե բոլոր նյութերը ենթակա կլինեն մակնշման, ըստ այդմ Նախագծող առաջարկվող կարգավորումը կդառնա անհամաչափ կամ անիրագործելի։
4. Թվային մշակմամբ ձեւափոխված բովանդակության դեպքում անձին մոլորեցնող լինելու չափանիշը չափազանց լայն ու անորոշ է ձեւակերպված։ Մասնավորապես նշվում է, որ սինթետիկ բովանդակություն է թվային մշակմամբ այնպես ձեւափոխված նյութը, որը «(․․․) կարող է անձի մոտ ստեղծել իրականության հետ անհամապատասխան ընկալում (․․․)»։ Սակայն պարզ չէ, թե ինչ անձի մասին է խոսքը՝ օրինակ, կամայակա”ն սպառողի, միջի՞ն սպառողի, թե՞ տեղեկացված սպառողի։ Պարզ չէ նաեւ, թե ի՞նչ է նշանակում «կարող է ստեղծել»՝ կարող է սուբյեկտիվորե՞ն ստեղծել, թե՞ օբյեկտիվորեն ստեղծել։ Պարզ չէ նաեւ, թե մոլորեցման ի՞նչ հետեւանքի մասին է խոսքը (էականորե՞ն է արդյոք անհամապատասխան ընկալումը, այդ թվում՝ առնչվում՞ է արդյոք մարդու իրավունքներին, պարտականություններին կամ պատասխանատվությանը եւ այլն)։ Ըստ այդմ պարզ չէ, թե տեսալսողական մեդիածառայություն մատուցողն ի՞նչ չափանիշներով է գնահատելու անձի մոտ իրականության հետ անհամապատասխան ընկալում ստեղծելու հավանականությունը։ Նման պայմաններում Նախագծի այս ձեւակերպումը չափազանց լայն է ու անորոշ՝ տարաբնույթ մեկնաբանությունների, տարընթերցումների տեղիք տվող է, կարող է կիրառվել գրեթե բոլոր դեպքերում եւ կամայականորեն։
5. Նախագիծը սահմանում է, որ մակնշման պարտականությունը չի տարածվում ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային կամ մշակութային բնույթի բովանդակության վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է օգտագործվել ապատեղեկատվության նպատակով։ Այս բացառությունը նույնպես չափազանց անորոշ է այնքանով, որքանով ցանկացած ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային կամ մշակութային բնույթի նյութ տեսականորեն կարող է կիրառվել որեւէ իրավիճակում որեւէ տեսակի ապատեղեկատվության նպատակով («որեւէ տեսակի ապատեղեկատվություն» ասելով նկատի ունեմ, օրինակ՝ արդյոք սա ներառու՞մ է այլոց կողմից նման նյութը մարդկանց մոլորեցնելու դիտավորությամբ օգտագործումը (disinformation), թե՞ նաեւ առանց դիտավորության մարդկանց մոլորեցնելու (misinformation) հավանականությունը, եւ այլ)։ Ըստ այդմ պարզ չէ, թե տեսալսողական մեդիածառայություն մատուցողն ի՞նչ չափանիշներով է գնահատելու նյութն ապատեղեկատվության նպատակով օգտագործելու հավանականությունը։
6. Նախագծով առաջարկվող կարգավորումն առաջին հայացքից կարող է կիրառելի լինել տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կողմից արտադրված/պատվիրված նյութերի դեպքում։ Սակայն պարզ չէ, թե ինչպե՞ս է տեսալսողական մեդիածառայություն մատուցողը պարզելու արդյոք իր կողմից չարտադրված/չպատվիրված, սակայն ծրագրում առկա նյութը ԱԲ կամ ոչ ԱԲ այլ գործիքով մշակվա՞ծ է, թե՝ ոչ, եթե այո, ապա ի՞նչ ծավալով եւ այլն։ Արդյո՞ք պետք է գնահատվի հեռարձակվող բոլոր նյութերի՝ ԱԲ կամ ոչ ԱԲ գործիքով մշակված լինելը։ Ի՞նչ է լինելու այն դեպքերում երբ տեխնիկապես հնարավոր չլինի պարզել՝ արդյոք բովանդակությունը գեներացված է ԱԲ միջոցով։
7. Նախագծով առաջարկվող կարգավորումը որոշակիորեն հակասում է վերաբերելի միջազգային լավագույն փորձին։ Օրինակ, ԵՄ Արհեսատական բանականության ակտը (EU AI Act) կարգավորում է ոչ թե ընդհանուր սինթետիկ բովանդակությունը, այլ հենց մոլորեցնող սինթետիկ բովանդակությունը (deepfake, տես՝ 3-րդ հոդվածի 60-րդ մաս), մակնշման/բացահայտման պահանջը նույնպես վերաբերում է ոչ թե ընդհանուր սինթետիկ բովանդակությանը, այլ հենց մոլորեցնող սինթետիկ բովանդակությունը (deepfake, տես՝ 50-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Նույն ԵՄ Արհեսատական բանականության ակտը մակնշման/բացահայտման պարտականություն սահմանում է ԱԲ միջոցով մոլորեցնող բովանդակություն ստեղծողների/փոփոխողների, այն է՝ ԱԲ կիրառողների (deployers) վրա, այլ ոչ թե հրապարակող/վերահրապարակողների վրա (տես՝ նախաբանի 134-րդ պարագրաֆ)։
Առաջարկում ենք Նախագիծը խմբագրել, այդ թվում՝
- Նախագծի հիմնավորմանը համահունչ՝ սահմանել ոչ թե «սիթետիկ բովանդակության», այլ «մոլորեցնող սինթետիկ բովանդակության» հասկացությունը,
- լուծել սիթետիկ բովանդակության լայն (ԱԲ + ոչ ԱԲ) հասկացության եւ նեղ (միայն ԱԲ) մակնշման հակասությունը,
- մակնշման պահանջը սահմանել միայն մոլորեցնող սինթետիկ բովանդակության համար, միաժամանակ մոլորեցնող սինթետիկ բովանդակության շրջանակում ներառել միայն միջին սպառողին ողջամտորեն մոլորեցնելու ռիսկ ունեցող բովանդակությունը,
- նախատեսել նյութը մոլորեցնող սինթետիկ բովանդակություն համարելու որոշակի ուղենիշներ-չափանիշներ,
- նախատեսել նյութը ապատեղեկատվության համար օգտագործելի համարելու որոշակի ուղենիշներ-չափանիշներ,
- տարանջատել տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կողմից արտադրված/պատվիրված vs. տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կողմից չարտադրված/չպատվիրված նյութերը,
- Նախագիծը համապատասխանեցնել վերաբերելի միջազգային լլավագույն փորձին։


