Blog Single

Յուրաքանչյուր ոք ունի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք: Այս իրավունքը, անկախ բառակազմից (անձնական կամ մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք և այլն), որպես մարդու հիմնական իրավունք արտացոլված է ինչպես միջազգային իրավական ակտերում, այնպես էլ ՀՀ գործող և նախկին խմբագրությամբ Սահմանադրություններում:

2010 թվականի գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանություններում մարդու մասնավոր կյանքի բովանդակայությունը ներկայացված էր հետևյալ կերպ՝ «(…) մասնավոր կյանքը կազմում է մարդու անձնական կյանքի այն կողմը, որին մարդը, իր ազատության շնորհիվ, չի ցանկանում հաղորդակից դարձնել ուրիշներին: Դա մարդու կյանքի այն մասն է, որն անձեռնմխելի է շրջապատի համար: Այն արտացոլում է ամեն մի մարդու բնական ձգտումը՝ ունենալու իր ինտիմ և գործարար հետաքրքրությունների անձնական աշխարհը, որը հեռու լինի ուրիշների միջամտությունից: (…) Մարդու անձնական կյանքի իրավունքը յուրաքանչյուր անհատի արտահայտման և անհատականության պաշտպանության իրավունքն է»:


Միաժամանակ, գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը, հատկապես՝ համացանցի տարածմանը զուգընթաց մարդու իրավունքները, այդ թվում՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, սկսել են լայնորեն արտացոլվել առցանց տիրույթում՝ ձեռք բերելով նոր առանձնահատկություններ՝ հասանելիության հնարավորություն առանց տարածության և ժամանակի սահմանափակման: Մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքն առցանց հարթակում կարող է արտահայտվել որպես, օրինակ, էլեկտրոնային գաղտնիության իրավունք (Electronic Privacy), թվային գաղտնիության իրավունք (Digital Privacy), ինչպես նաև առցանց անանունության իրավունք (Right to Anonymity կամ Right to Online Anonymity):


Վերոնշյալ տարբեր եզրույթներ կարող են բովանդակային իմաստով որոշակիորեն տարբերվել իրարից. օրինակ, մի տերմինաբանությամբ առցանց գաղտնիության իրավունքը կարող է ներառել նույնականացվող (ոչ անանուն) մարդուն պատկանող տեղեկությունների անձեռնմխելիությունը, մեկ այլ դեպքում հենց մարդու անանունությունը:


Մարդու ինքնության բացահայտումը և նույնականացման հնարավորություններն ուղղակիորեն կապված են անձնական տվալների հետ: 2012 թվականին Հայաստանը վավերացրել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան (108 կոնվենցիա), որի համաձայն՝ անձնական տվյալ է ինքնությունը հաստատված և ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկություն («personal data» means any information relating to an identified or identifiable individual («data subject»): Նույն հասկացությունը պահպանվել է նաև «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունում (108+ կոնվենցիա), որը Հայաստանը վավերացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին ուժի մեջ մտած օրենքով: 2015 թվականին ընդունվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ անձնական տվյալ է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: ԱՏՊ օրենքի այս հասկացությունը ըստ էության համադրելի է 108+ կոնվենցիայում անձնական տվյալի հասկացությանը:

Միաժամանակ, 108+ կոնվենցիայի բացատրական զեկույցում10 նշվում է, որ տվյալները պետք է անանուն համարվեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ անհնար է կրկին նույնականացնել տվյալների սուբյեկտին, կամ եթե նման վերանույնականացումը կպահանջի անհիմն ժամանակ, ջանք կամ ռեսուրսներ՝ հաշվի առնելով տվալների մշակման պահին առկա տեխնոլոգիաները և տեխնոլոգիական զարգացումները։


ԱՏՊ օրենքում անանունության ապահովումը (anonymisation՝ անանունացում) կոչվում է ապանձնավորում և սահմանվում է որպես գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չէ որոշել տվյալների պատկանելությունը կոնկրետ տվյալների սուբյեկտին:


Վերոնշյալի համատեքստում` այս վերլուծության մեջ նշելով առցանց անանունության մասին՝ նկատի ունենք առցանց միջավայրում անձի՝ առանց իրեն նույնականացնող տվյալների հանդես գալու հնարավորությունը:


Արդյունքում, եթե ամփոփ, ապա այս վերլուծության առարկան առցանց միջավայրում անանուն (չնույնականացված) մնալու մարդու հնարավորության սահմաններն են ՀՀ օրենսդրությունում, ինչն իր հերթին անձնական կյանքի գաղտնիության իրավունքի դրսևորումներից մեկն է առցանց միջավայրում:


Պետք է նկատի ունենալ, որ որպես մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի դրսևորում՝ առցանց անանունությունը սերտորեն կապված է մարդու մեկ այլ կոնվենցիոն և սահմանադրական իրավունքի՝ արտահայտվելու ազատության հետ: Սա յուրաքանչյուրի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն է և ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Առցանց անանունությանը (ինչպես անանունությունն ընդհանրապես) հանդես է գալիս որպես արտահայտվելու ազատության երաշխիք, իսկ անանունության բացակայությունն ըստ այդմ կաշկանդում է արտահայտվելու ազատությունը:

Ամբողջ վերոնշյալի համատեքստում այս վերլուծության հիմքում անձնական կյանքի անձեռնմխելիության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքից բխող այն պնդումն է, որ յուրաքանչյուր ոք ունի առցանց անանունության իրավունք։

Are You Looking for

Experienced Attorneys?

Get a free initial consultation right now