Single Portfolio

Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատ­վական գործունեություն իրականացնողների ֆինանսավորումը եկամտային հարկի հաշվին․ տվյալների պաշտպանության ռիսկեր

Առիթը

2026 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին (այսուհետ նաեւ՝ Նախագիծ), որի նպատակն է ձեւավորել կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ լրատ­վական գործունեություն իրականացնողներին ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին անհատույց հատ­­­կա­ցում­ներ կատարելու կառուցա­կար­գեր։

Նախագծով առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերի շրջանակը եւ սահմանել, որ սոցիա­լա­կան ծախսեր են համարվում նաեւ ֆիզիկական անձի կողմից հասարակական կազ­մա­­­կեր­պու­թյուն­ներին, լրատ­վական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհա­տ ձեռնարկատերերի) կամ կուսակցություններին անհատույց հատկացվող դրամական միջոց­­­­ները։

Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով եւ ներառվել է շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված հարցերի շարքում (Նախագծի կոդ | Ազգային ժողով)։

Խնդիրը

Նախագիծն առաջարկվող կառուցակարգի գրեթե բոլոր էական պայմանները՝ հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների եւ լրատվական գործունեություն իրականացնողների շրջանակը, չափանիշները, անհատույց հատկացվող գումարների հնարավոր առավելագույն չափերը, թողնում է Կառավարությանը։ Այդուհանդերձ, առաջին անգամ է, որ Հարկային օրենսգրքի շրջանակներում հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գեներացվելու է հարկ վճարողների (տեսականորեն՝ հայտարարագիր ներկայացնող բոլորի կամ շատերի)․

  • քաղաքական հայացքների մասին տեղեկություն այնքանով, որքանով հայտարարագիր ներկայացնողները կարող են եկամտային հարկի հաշվին անհատույց հատ­­­կա­ցում­ներ կատա­րել այս կամ այն կուսակցությանը,
  • հատուկ կատեգորիայի այլ անձնական տվյալներ այնքանով, որքանով նման տվյալների մասին կարող է վկայել հարկ վճարողի կողմից այս կամ այն հասարակական կազմակերպությանը, երբեմն նաեւ լրատվամիջոցին կատարած հատկացումը,
  • անձնական կյանքի տվյալներ, այնքանով, որքանով նման տվյալների մասին կարող է վկայել հարկ վճարողի կողմից այս կամ այն հասարակական կազմակերպությանը կատարած հատկացումը։

«Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքի համաձայն՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ։

Նույն օրենքի համաձայն՝ անձնական կյանքի տվյալներ են անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները։

Այստեղ պետք է նկատի ունենալ երեք հանգամանք․

  • կոնկրետ կուսակցությանը հատկացում կատարելու փաստն ինքնին քաղաքական հայացքի արտահայտում է՝ անկախ այն բանից, արդյո՞ք հատկացում կատարողն այդ կուսակցության անդամ է, թե ոչ, կամ ի՞նչ չափով է համաձայն այդ կուսակցության ծրագրին,
  • անձնական տվյալը համարվում է հատուկ կատեգորիայի, անգամ եթե դրանով հնարավոր է ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն բացահայտել մարդու վերաբերյալ հատուկ կատեգորիայի տեղեկություն (օրինակ՝ կրոնական համոզմունքները, առողջական վիճակին կամ սեռական կյանքին վերաբերող տեղեկություն)։ Ընդ որում, տվյալները կհամարվեն հատուկ կատեգորիայի, նույնիսկ եթե այդ տվյալների վերաբերելիությունը մարդուն ենթադրվի որոշակի հավանականությամբ, այլ ոչ թե բացարձակ վստահությամբ։ Այլ կերպ ասած՝ պարտադիր չի, որ հարկ վճարողը, օրինակ, որեւէ կրոնական ՀԿ-ի հատկացում կատարելիս ուղղակիորեն նշի կամ հայտարարի, որ ունի այդ կրոնական համոզմունքը, քանի որ հատկացման փաստն արդեն իսկ որոշակի հավանականությամբ ենթադրում է դա, հետեւաբար տեղավորվում է հատուկ կատեգորիայի զգայուն անձնական տվյալների պաշտպանության շրջանակում։ Տես, օրինակ, Եվրամիության դատարանի՝ C‑184/20՝ Vyriausioji tarnybinės etikos komisija գործով 2022 թվականի օգոստոսի 1-ի վճռի 123-128 կետերը կամ C‑21/23՝ Lindenapotheke գործով 2024 թվականի հոկտեմբերի 4-ի վճռի 90-րդ կետը,
  • զգայուն անձնական տվյալների մշակման հավանականությունը/ռիսկը մեծանում է, երբ հատկացում ստացողի գործունեության ուղղվածությունը նեղ է, իսկ շահառուների խումբը՝ փոքր։ Այսպես, առողջապահական ՀԿ-ին հատկացում կատարողը պարտադիր չի, որ հիվանդ լինի, կամ ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ին հատկացում կատարողը պարտադիր չի, որ բռնության զոհ լինի, սակայն երբ հատկացում ստացողի գործունեության ուղղվածությունը նեղ է, իսկ շահառուների խումբը՝ փոքր, հատկացումն ավելի մեծ հավանականությամբ է վկայում  այդ շահառուների խմբի հետ հարկ վճարողի կապի մասին՝ մեծացնելով զգայուն տվյալների բացահայտման ռիսկը։ Նման նեղ ուղղվածության գործունեություն ունեցողների օրինակներ են քաղաքական կուսակցությունների լրատվամիջոցները, ազգային փոքրամասնությունների համայնքային ՀԿ-ները, հաշմանդամություն ունեցողների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի, վերարտադրողական առողջության կամ սոցիալական ապահովության ոլորտում գործող ՀԿ-ները, արհեստակցական և մասնագիտական միավորումներ-ՀԿ-ները եւ այլն։

Հատուկ կատեգորիայի անձնական տվյալները, այդ թվում՝ մարդու քաղաքական հայացքների վերաբերյալ տեղեկությունը, ունեն օբյեկտիվ զգայունություն ի թիվս այլնի այն պատճառով, որ ունեն մարդուն խտրականության ենթարկելու ռիսկ։

Անձնական կյանքի տվյալներն իրենց բնույթով այնպիսին են, որ մարդը սովորաբար չի ցանկանում դրանց հաղորդակից դարձնել ուրիշներին, շատ մոտ են մարդու կենցաղին, կյանքին, ապրելու ոճին, անձնական հետաքրքրություններին, զգացումներին ու զգացմունքներին, հաճախ անձեռնմխելի են շրջապատի համար եւ  ինտիմ են՝ բառի լայն իմաստով: Ուստի, այս տվյալների օբյեկտիվ զգայունությունը պայմանավորված է նրանով, որ այդ տվյալները պարունակում են մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը միջամտության ռիսկ եւ ըստ այդմ հավակնում են լինել/դառնալ անձնական կյանքի գաղտնիքներ։

Հատուկ կատեգորիայի անձնական տվյալների կամ անձնական կյանքի տվյալների զգայունությունը չի նշանակում, որ նման տվյալներ առհասարակ չպետք է մշակվեն: Սակայն կարեւոր է, որ դրանց մշակումը ոչ միայն ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, այլ նաեւ սահմանված լինեն նման տվյալների մշակման պայմանները, տվյալների սուբյեկտների իրավունքների ապահովման երաշխիքները, ինչպես նաեւ ներառեն անձնական տվյալների անօրինական մշակումը բացառող կարգավորումներ։

Ինչպես նշվեց,  Հարկային օրենսգրքով առաջին անգամ է նախատեսվում հարկային մարմնի տեղեկատվական համակարգում մարդկանց քաղաքական հայացքների մասին տեղեկության, ինչպես նաեւ հատուկ կատեգորիայի հնարավոր այլ տվյալների եւ անձնական կյանքի հնարավոր այլ տվյալների մշակում։ Միաժամանակ, ոչ Նախագիծը, ոչ Հարկային օրենսգիրքը չեն պարունակում նման զգայուն անձնական տվյալի մշակման ռիսկերը մեղմող կամ բացառող կարգավորումներ։ Անգամ եթե այս տվյալները տեսականորեն ներառվում են հարկային գաղտնիքի մեջ, ապա միեւնույն է, հարկային գաղտնիքը գաղտնիության կանոն է, ոչ թե զգայուն տվյալների պաշտպանության երաշխիք․ առնվազն բաց են մնում հարկային մարմիններում դրանց հետ վարվելու կանոնները, ներառյալ՝ այդ տվյալների մշակման նպատակի սահմանափակումը, հասանելիության պայմանները ու սահմանափակումները, պահպանման հատուկ ժամկետները եւ այլն։

Խնդրի լուծման առաջարկ

Նախագծից եւ հիմնավորման տեքստերից առաջին հայացքից ենթադրվում է, որ Նախագծի կապակցությամբ չի իրականացվել անձնական տվյալների պաշտպանության ազդեցության գնահատում (DPIA), թեեւ, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետության քաղաքականությունը այն է, որ օրենքով զգայուն տվյալների մշակում նախատեսելու դեպքում պետք է իրականացվի ԱՏՊ ազդեցության գնահատում։ Այսպես, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախության վերաբերյալ օրենսդրական փաթեթում նախատեսվում է, որ  օրենքով հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալների մշակում նախատեսելու մտադրության դեպքում պետք է իրականացվի ԱՏՊ ազդեցության գնահատում։ ԱՏՊ ազդեցության գնահատումը պետք է կազմակերպի օրենքի նախագիծը մշակող մարմինը կամ տվյալներ մշակողը՝ մինչեւ համապատասխանաբար իրավական ակտի նախագծի օրենսդրությամբ սահմանված կարգով շահագրգիռ մարմիններին կարծիքի ուղարկելը կամ անձնական տվյալների մշակման մեկնարկը (տես՝ ԱՏՊ փաթեթ)։

Իհարկե, վերոնշյալ կարգավորումը դեռ ընդունված չէ։ Այնուամենայնիվ, դա զգայուն տվյալների մշակման ռիսկերը նախապես վերհանելու եւ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից որակյալ օրենսդրություն ձեւավորելու կանոն է։ Հետեւաբար նպատակահարմար է, որ Նախագիծը Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում ընդգրկելուց առաջ իրականացվի դրա ԱՏՊ ազդեցության գնահատում եւ գնահատման արդյունքներով կատարվի Նախագծի համապատասխան լրամշակում։

Դիմել հարցով

    RECENT CASES

    Featured Cases