Blog Single
Փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած «Հայեցակարգային լուծումներ և օրենսդրության լավարկում» աշխատանքային քննարկումը կարևոր հարթակ դարձավ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախության հարցերը քննարկելու համար։ Միջոցառումը համախմբել էր պետական մարմինների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության եւ գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Միջոցառման մեկնարկին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ ոլորտի առաջնային մարտահրավերներին՝ առանձնակի կարևորելով մասնագիտական կադրերի պատրաստումն ու կրթական ծրագրերի հզորացումը։ Ն.Գ. Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, վերահաստատեց Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու այն բարեփոխումներին, որոնք էական են թե՛ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, թե՛ Հայաստան–ԵՄ համագործակցության խորացման համար։
Միջոցառման փորձագիտական բովանդակության և օրակարգային ուղղությունների ներկայացումը վստահված էր dpHUB նախաձեռնության համահիմնադիր, ԵՄ ծրագրի փորձագետների խմբի ղեկավար Գևորգ Հայրապետյանին։ Արդարադատության նախարարության խորհրդական Մարիամ Չիֆլիկյանի հետ համատեղ զեկույցով նա անդրադարձավ ԱՏՊ լիազոր մարմնի անկախության ապահովման հայեցակարգին՝ մանրամասնելով անկախության ապահովման մեխանիզմները եւ նման անկախ մարմնի դրական ազդեցությունը ԱՏՊ իրավունքի ապահովման վրա։
Թվայնացման գործընթացներում ԱՏՊ լիազոր մարմնի դերին անդրադարձավ Գերմանական Միջազգային Համագործակցության (GIZ) Արևելյան Գործընկերության տարածաշրջանային ծրագրային բաղադրիչի համակարգող Հրաչ Յարմալոյանը ՀՀ ԱՏՊ գործակալության բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանի հետ ներկայացրած զեկույցով։
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում 2025թ. իրականացրած ծրագրերն ամփոփիչ զեկույցով ներկայացրեց dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնի գործընկեր Արամինտա կազմակերպության տնօրեն Երվանդ Շիրինյանը՝ շեշտադրելով մասնագիտական կարողությունների զարգացման և հանրային իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Միջոցառման մասնակիցների հետ ակտիվ քննարկումները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ անկախ և արդյունավետ համակարգը հիմնարար նախապայման է քաղաքացիների իրավունքների պաշտպանության և թվային ծառայությունների կայուն զարգացման համար։
Միջոցառումն իրականացվել է «Աջակցություն Հայաստանում տվյալների պաշտպանությանը» ԵՄ ծրագրի շրջանակում՝ dpHUB-ի փորձագիտական գործընկերների աջակցությամբ։
Are You Looking for
Experienced Attorneys?
Get a free initial consultation right now