Blog Single
Այս վերլուծությունում «պետական մարմիններ» եզրույթի շրջանակում նկատի ունենք իշխանության բոլոր ճյուղերը՝ պետական բոլոր ինստիտուտները եւ մարինները, այդ թվում՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները եւ կազմակերպությունները։
Գիտության եւ տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում մեծանում է նաեւ պետության (պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ցանկացած կազմակերպություն) տնօրինության տակ գտնվող եւ մշակվող տվյալների ծավալը: Ընդ որում, խոսքը ոչ թե տեղեկատվության ազատության համատեքստում որեւէ պաշտոնական փաստաթղթի կամ դրվագային մի տեղեկության մասին է, այլ, որպես կանոն, համակարգված, տեւական ժամանակ կամ պարբերաբար մշակվող, ծավալուն տվյալների վերաբերյալ: Պարզ ասած՝ շատանում են․
- տվյալների բազաները՝ որոշակի հատկանիշներով համակարգված տվյալների ամբողջությունը, որը հաճախ կոչվում է նաեւ տվյալների շտեմարան,
- տեղեկատվական համակարգերը՝ տվյալների բազայում ներառված տվյալների, դրանց էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային եղանակով մշակելու համար կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեխնիկական միջոցների ամբողջությունը:
Պետության կողմից օգտագործվող եւ գրեթե յուրաքանչյուրին հայտնի նման տեղեկատվական համակարգերի եւ տվյալների բազաների օրինակներ են Դատալեքս (DataLex) դատական տեղեկատվական համակարգը, տարբեր պետական մարմիններում իրականացվող տեսահսկման համակարգերը, Էլեկտրոնային առողջապահության համակարգը (e-health (Armed)), Ներքին գործերի նախարարության տնօրինության տակ գտնվող շտեմարանները եւ այլն:
Միեւնույն ժամանակ, մի կողմից տվյալների բազաներում եւ/կամ տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալներն իրենց ծավալի, մարդկանց այս կամ այն իրավունքին առնչությամբ լրացուցիչ զգայունություն են ձեռք բերում, մյուս կողմից՝ առերեւույթ (նախնական տպավորությամբ) շատ հաճախ նման տվյալները պատշաճ չեն կառավարվում, եւ տվյալների ոչ պատշաճ կառավարման մասին նշելով՝ նկատի ունենք, որ առկա է լինում որեւէ խնդիր՝
- տվյալները ստանալու կամ ձեւավորելու փուլում,
- տվյալների մշակման, ներառյալ՝ դրանք օգտագործելու փուլում,
- տվյալներից ազատվելու՝ տվյալների մշակումը դադարեցնելու կամ դրանք ոչնչացնելու փուլում:
Ըստ այդմ, սույն վերլուծության հիմքում հետեւյալ երեք պնդումներն են՝
- պետության կողմից տվյալները ստացվում կամ ձեւավորվում են առանց պատշաճ իրավական հիմքի, ըստ էության՝ անօրինական,
- եթե անգամ տվյալները ստացվում կամ ձեւավորվում են պատշաճ իրավական հիմքով, ապա չկան դրանց հետ վարվելու կանոններ, ըստ այդմ նաեւ՝ չկա պատշաճ անվտանգության ապահովում,
- եթե անգամ տվյալները ստացվում կամ ձեւավորվում են պատշաճ իրավական հիմքով, եւ չկան դրանց հետ վարվելու կանոններ եւ ապահովված է դրանց որոշակի անվտանգությունը, ապա կարգավորված չէ, թե վերջում ինչ պետք է լինի այդ տվյալների հետ:
Այս վերլուծության արդյունքում
- կհաստատենք, մասամբ կհաստատենք, մասամբ կհերքենք կամ ամբողջությամբ կհերքենք վերոնշյալ պնդումներից յուրաքանչյուրը,
- կձեւավորենք ամփոփ եզրահանգում` պետության կողմից տվյալի կառավարման, այն է՝ տվյալի ամբողջ «կյանքի» կարգավորվածության վերաբերյալ (տվյալի կյանք ասելով՝ նկատի ունենք տվյալի հայտնվելը (ստացվելը կամ ձեւավորվելը) պետության մոտ, տվյալի գոյություն ունենալու ընթացքում դրա հետ կատարվող գործողությունները եւ տվյալից ազատվելը),
- եզրահանգման հիման վրա կներկայացնենք համապատասխան խորհրդատվականներ/առաջարկություններ:
Are You Looking for
Experienced Attorneys?
Get a free initial consultation right now